Օհանավանի Ժայռափոր Եկեղեցին



   Օհանավանի քարանձավային համալիրը, որը տեղացիները «Կարմիր վանքեր» են անվանում, գտնվում է գյուղից շուրջ 2 կմ հյուսիս, Քասաղի կիրճում, գետի ձախ տուֆային շերտում։ Այն թեեւ վարչականորեն Օհանավանի տարածքում է, սակայն մոտ գտնվելով Սաղմոսավանքին, 12-րդ դարում այստեղ գրված ձեռագիր հիշատակարանում այդպես էլ նշվել է. «յԱնապատ քարանձաւի, որ է մերձ ի վանս Սաղմոսի»։
   Ըստ վերոհիշյալ հիշատակարանի, համալիրը 12-րդ դարի վերջում հիմնադրել եւ նրա առաջին առաջնորդն է եղել Հովհաննես Մունջը։ Նա նախապես գործել է Սաղմոսավանքում եւ եղել է նրա նշանավոր գործիչներից։
   Ձեռագիր «Ժողովածուն», որի մեջ ամփոփված է նաեւ Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայության» երկը, գրվել է 1194-1195թթ. Մարկոս գրչի կողմից, քարանձավային այդ համալիրում, երբ Զաքարյանները թուրք-սելջուկներից ազատագրել են Արագածոտնի այդ շրջանը։
   Քարանձավային համալիրը ունեցել է հարմար պաշտպանական դիրք եւ գտնվել է Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանք տանող ձորամիջյան ճանապարհի եզրին։ Միջնադարում այն հավանաբար եղել է նաեւ իջեւանատուն։
   Համալիրը երկհարկանի ժայռափոր կառուցվածք է, որտեղ ստորին հարկը փորված է ամբողջապես տուֆային շերտում, իսկ վերին հարկում կա նաեւ բազալտային խառնաքար։ Այն իր կառուցողական առանձնահատկությամբ նմանվում է Խնձորեսկի ժայռափոր կառույցներին եւ Հայաստանում ուշագրավ օրինակներից մեկն է։
   Առաջին հարկում հիմնականում եղել են բնակարաններ եւ տնտեսական շինություններ, իսկ երկրորդը պաշտպանական դեր է կատարել։
   Առաջին հարկի աջ կողմում փոքրիկ խուց է, նրանից ձախ՝ գմբեթաձեւ առաստաղով սենյակ, որն ունի երկու ծխապատ խորշեր եւ միացած է հաջորդ սենյակի՝ թոնրատան հետ։ Պահպանվել են երկու մեծ ու փոքր թոնիրները։ Պատերի մեջ կան կենցաղային խորշեր։
   Հաջորդ կառույցը փոքրիկ ժայռափոր եկեղեցին է։ Սիմեոն Երեւանցին, 18-րդ դարում «Ջամբռում» հիշատակելով Սաղմոսավանքին պատկանող ուխտատեղիները, նշել է. «Երրորդն է ի մէջ ձորոյն ի ներքոյ Սերկեւիլ գեղջն յանուն Աստուածածնի վիմափոր մատուռ մի»։
   Սբ Աստվածածնի մուտքը արեւմուտքից է ուղղանկյան տեսքով եւ մակերեւույթից ունի փոքր բարձրություն։ Նրա վերջին մասում բացված է անցք՝ սրահը լուսավորելու համար։ Արեւելյան կողմում խորանն է՝ բեմահարթակով, որը սրահին միանում է երկկողմ աստիճաններով։ Սրահում ուղղանկյուն է, գմբեթարդով։
   Եկեղեցու պատերն ու առաստաղը մշակված են, պատած ծեփով, որոնց վրա նշմարվում են կարմիր ներկով արված երկրաչափական պատկերներ եւ հայերեն արձանագրության հետքեր։ Պատերին կան նաեւ 13-րդ դարին բնորոշ փորագիր խաչեր։ Քարանձավը ուսումնասիրողներից Է.Սարգսյանը նշել է, որ «այդ կարմիր որմնանկարներից էլ ծագել է Կարմիր վանք անվանումը»։
   Սբ Աստվածածնի ձախ մասում շտեմարանն է՝ մեծ ու փոքր հորերով։ Այն միաժամանակ եղել է նաեւ բնակելի կացարան։ Այդ են վկայում ճրագի ծխից սեւցած պատերն ու անկողին տեղավորելու խորշերը։
   Առաջին հարկի վերջին սենյակը գմբեթաձեւ առաստաղով կլոր դահլիճ է, որը հավանաբար նույնպես ծառայել է որպես բնակելի կացարան։ Այն ունի երեք մեծ խորշեր։ Բոլոր սենյակների պատերը խնամքով տաշված ու հղկված են։
   Երկրորդ հարկը բաղկացած է երեք առանձին հատվածներից, որոնց մեջ կարող է պատսպարվել շուրջ 200 մարդ։
   «Կարմիր վանքեր» քարանձավային համալիրը առաջին անգամ ուսումնասիրել է Խաչիկ Դադյանը 20-րդ դարի սկզբներին, իսկ 1979թ. մի խումբ քարանձավագետներ (Է.Սարգսյան, Մ.Սարգսյան, Դ.Հակոբյան եւ Լ.Խաչատրյան) այն չափագրել են։
   Քասաղի կիրճի այդ հատվածը իր յուրօրինակ ժայռափոր ճարտարապետությամբ առանձնակի ուշադրության, ուսումնասիրման ու հոգածության է կարոտ։

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն

Comments

Popular posts from this blog

Օհանավանի մասին

Հովհաննավանքի մասին