Հովհաննավանքի մասին
Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ: Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև դպրատունը և այլ շինություններ։ Շուրջը կան գերեզմաններ։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։Հովհաննավանքը Մինչև այժմ գործում է:
Comments
Post a Comment